Շնորհավո՛ր Խաղողօրհնեք կամ Ծուխ ծխանի

Շնորհավո՛ր Խաղողօրհնեք:

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին և համայն հայությունը նշում է Խաղողօրհներքը կամ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ հինգ տաղավար տոներից չորրրոդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը։ Սուրբ Աստվածամոր օրհնությունն ու պաշտպանությունը հայցելով՝ բոլորս հրաշքների ենք սպասում․ չէ՞ որ Սուրբ Կույսն ամենակարողն է ու ամենագթասիրտը։

Աստվածաշնչի համաձայն՝ երկինք համբարձվելու մասին Մարիամ Աստվածածնին 30 օր առաջ հայտնում է Գաբրիել հրեշտակապետը՝  Հիսուսի խաչելությունից 12 տարի անց։ Հենց Նա էր տարիներ առաջ Մարիամին ավետել որդի ունենալու լուրը։

Սուրբ Աստվածածնի մահվան օրը Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իր հրեշտակների բանակով գալիս է մորը երկինք տեղափոխելու։

Մարիամի հուղարկավորությանը Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի լինում։ Գալով Իսրայել և իմանալով, որ Տիրամայրը մահացել է՝ նա շատ է վշտանում, որ չի կարողացել վերջին անգամ հարգանքի տուրք մատուցել նրան։ Ուստի աշակերտներին խնդրում է  բացել Գեթսեմանիում գտնվող Տիրամոր գերեզմանը, որպեսզի կարողանա վերջին հրաժեշտը տալ Աստվածածնին։ Գերեզմանը բացելով՝ տեսնում են այն, ինչ տեսել են Տիրոջ մահվան ժամանակ․ Սուրբ Մարիամի մարմինն այնտեղ չէր։

Ցանկանալով մխիթարել Բարդուղիմեոսին՝ առաքյալները նրան են տալիս Աստվածամոր՝ փայտին դրոշմված պատկերը։ Հայտնի է, որ Հայաստանում նա այդ պատկերի միջոցով բազմաթիվ բժշկություններ է կատարում։ Բացի այդ, մեծ Հայքի Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում Տիրամոր պատկերի պատվին Սուրբ Աստվածածին եկեղեցի է կառուցել, որտեղ պահել է սուրբ մասունքը։

Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե նշենք, որ հայկական շատ տոներ ունեն հեթանոսական արմատներ։ Դա միանգամայն բնական է։ Իր ամբողջ կյանքում հեթանոսություն և հեթանոս աստվածների դավանած ժողովուրդը չէր կարող 301-ին պարզապես մոռանալ դարերի խորքից եկած ավանդույթներն ու սովորույթները։ Տեսնելով, որ անգամ հուրն ու սուրը ի վիճակի չեն ստիպել մոռանալ հեթանոս աստվածներին և նրանց հետ կապված ավանդույթները՝ եկեղեցին՝ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ, այսպես ասած, դիվանագիտական քայլի է դիմում՝ «քրիստոնեականացնում է» հեթանոսական ամենաժողովրդական տոները։

Իհարկե, այդ տոների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցրել Նավասարդը։ Ավանդության համաձայն՝ հենց այդ օրն է Հայկը սպանել Բելին՝ հիմք դնելով հայոց պետականությանը։ Տաղավար տոն լինելով՝ Խաղողօրհնեքը յուրաքանչյուր տարի օգոստոսին տարբեր օրերի է նշվում, սակայն ամսվա ընտրությունը պատահական չէր։ Հետագայում, մոռանալով տոնի ակունքները, Նավասարդը ձոնվել է բոլոր աստվածներին։ Այդ օրերին Հայքում (Հին Հայաստան) ձիարշավներ են կազմակերպվել, տարբեր մրցույթներ։ Նավասարդը հատկապես մեծ շուքով նշվել է արքայական արքունիքներում։

Տոնի լավագույն ձևակերպումներից մեկը գտնում ենք Անանիա Շիրակացու մոտ (7-րդ դար)՝ Արտաշես թագավորի մահվան մասին պատմելիս։ (Ո՜, տայր ինձ զծուխ ծխանի Եւ զառավօտն Նաւասարդի, Զվազելն եղանց և զվագելն եղջերուաց․․․)

Անցել են դարեր ու կանցնեն դարեր․․․ հայ ժողովրդին, սնողը, միավորողը, նրան ուժն ու ավյուն տվող կմնան ազգային ավանդույթներն ու սովորույթները, ազգային տոները՝ Նավասարդը, Խաղողօրհնեքը կամ մեկ այլ տոն։ Չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան եկեղեցիներում առ Տիրամայրն աղոթք հղող ժողովուրդը, քան Տիրամորը ձոնված պատարագներն ու շարականները։

Թող Սուրբ Տիրամոր ամենազոր աղոթքները պահապան լինեն բոլորիս ու թող որ այսօր Մարիամ Աստվածածնին ուղղված բոլոր խնդրանքները ի կատար ածվեն։

Շնորհավո՛ր Աստվածածնի վերափոխման տոն։

Понравилась статья? Поделиться с друзьями: