Հերոսը վերջին անգամ զանգել է մայրիկին ու ասել, որ իրեն լավ նայի, բոլորին բարևի, որովհետև չգիտի թե էլ երբ կզանգի․ ճանաչենք մեր հերոսներին

Ողջ կյանքի ընթացքում պարտական կմնանք այն տղաներին, ովքեր մարմնով վահան դարձան և բռունցքներով կանգնեցին թշնամու առաջ։

Կանգնեցին, որ թիկունքն ապրի, որ թիկունքն ապագա ու հայրենիք ունենա։ Նրանք չընկրկեցին ու կանգնեցին մահին դեմ դիմաց՝ նայելով ուղիղ աչքերի մեջ։ Նրանցից յուրաքանչյուրը հերոս է, մեր բոլորի հերոսը, որոնց անունները մենք պարտավոր են փոխանցելու սերունդներին, որպեսզի նրանք էլ ճանաչեն ու իմանան ում շնորհիվ և հանուն ինչի է շարունակվում կյանքը։

Անմահացած հերոս տղաներից է նաև Սամվել Մանասյանը, ով ծնվել է 2001 թվականին, Երևանում։ Այնուհետև ընտանիքը  տեղափոխվել և բնակություն է հաստատել  Քասախում։ Սովորել է Զարդարվեստի պետական ուսումնարանում։

Նկարիչ քանդակագործ էր։ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Մատաղիսում։ Սամվելը գնդացրորդի օգնական էր։ Բարի, նպատակասլաց երիտասարդ էր։ Երբ սկսվել է պատերազմը, Սամվելը Թալիշում էր։ Օրերով պայքարել է,  ընկել շրջափակման մեջ։ Շրջափակումից դուրս գալուց հետո անմահացել է հոկտեմբերի 17-ին, Մարտակերտում ։

Վերջին անգամ զանգել է մայրիկին հոկտեմբերի 12-ին ու ասել, որ իրեն լավ նայի, բոլորին բարևի, որովհետև չգիտի թե էլ երբ կզանգի։ Հավերժ փառք․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: