«Կորցնելուց հետո ես հասկանում ունեցածիդ քաղցրությունը»․ Էդգար Հարությունյան

Գրող և լուսանկարիչ Էդգար Հարությունյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «18 տարեկանից՝ արդեն 15 տարի զբաղվում եմ տուրիզմով։ Մի տարի՝ լիարժեք, մի տարի՝ մի փոքր նվազ, բայց անդադար։ Միշտ հանդիպել են մարդիկ, որ հարցրել են՝ էդ սարերում ի՞նչ ես կորցրել, որ անընդհատ գնում ես։ Փորձել եմ բացատրել, որ ոչ թե կորցրել եմ, այլ այնտեղ գտնում եմ․ խաղաղություն, ազատություն, գեղեցկություն, բերք ու բարիք, հոգեկան ներդաշնակություն, ընկերներ, հայրենաճանաչություն, մշակութային նոր արժեքներ, հազար ու մի բան։

Հանդիպել են մարդիկ, ովքեր հստակ ասել են, որ հայոց վանքերն ու բերդերն իրենց չեն ձգում, չեն գրավում, ու գնացել են անթալյաներում, քոբուլեթիներում ու էլի էդպիսի գրողի տարած վայրերում են անցկացրել իրենց հանգիստը։ Հիմա այդ նույն մարդիկ Դադիվանքի կամ կորցրած հողերի համար աղմուկ են հանում, սիրտները ցա վում է, վստահ եմ, որ մի մասն իսկապես ափսոսում է կատարվածի համար։ Դե կորցնելուց հետո ես հասկանում ունեցածիդ քաղցրությունը։

Հիմա ասածս ի՞նչ է․ սիրեք էս երկիրը, ամեն ծառն ու թուփը։ Մեր երկիրը հրաշք է, դրախտավայր է, հավատացեք, ուրիշ երկրներում չկա այնպիսի բան, որ մենք չունենք, եթե չգիտեք, ինձ հարցրեք, ես կասեմ։ Ծո՞վ։ Հա, հարց չկա, ծով չունենք, բայց Սևան ունենք, բազմաթիվ մանր լճեր ունենք, հատկապես՝ լեռնային, որ հազար հատ քոբուլեթի արժեն։ Ամեն ինչ էլ ունենք, գտնել է պետք, գնահատել, սիրել ու վայելել։

Ինձ անընդհատ տարբեր մարդիկ են գրում ու զանգում, որ ասում են՝ որոշել են ավելի շատ ժամանակ տրամադրել հայրենաճանաչությանը, մասնակցել արշավներին, ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային արժեքներին։ Սիրեք էս երկիրը ոչ միայն պատե րազմի ժամանակ, այլև ամեն օր»։

Понравилась статья? Поделиться с друзьями: