«Խոր վշտով տեղեկացանք մեր հայրենակցի և սիրելի ընկերոջ մահվան մասին»

Բաբլոյանների և Արաբկիր բժշկական անձնակազմի անունից հետևյալ ցավակցական հայտարարությունն է հրապարակվել. «Խոր վշտով տեղեկացանք մեր հայրենակցի և սիրելի ընկերոջ՝ Աիդա Մաթոսյանի մահվան մասին: Տիկին Աիդան ծնվել և ապրել է Բելգիայում, հայ մտավորականի ընտանիքում:

Նա անգնահատելի ներդրում է ունեցել մայր հայրենիքի զարգացման գործում, որին կապված էր անսահման սիրով և ջերմ նվիրումով: 1988թ. Հայաստանի ավերիչ երկրաշարժից հետո Աիդա Մաթոսյանը Բելգիայում համախմբել է բոլոր ուժերը՝ Հայաստանին օգնության հասնելու համար:

Բելգիայի «ՍՕՍ Արմենիա» ասոցիացիայի միջոցով նա ձեռնամուխ է եղել Հայաստանում հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման ծրագրի ներդրմանն ու զարգացմանը: Հանդիսանալով Բելգիայի ՆԱՖ Ասոցիացիայի հիմնադիրներից մեկը՝ նա իր մասնագիտական ողջ ներուժն ու գիտելիքները ներդրել է` կյանքի կոչելու բազմաթիվ ծրագրեր «Արաբկիր» բժշկական համալիրում:

Նրա մարդկային ու մասնագիտական կարողությունների և հմտությունների շնորհիվ կենտրոնում գործում է ժամանակակից ներհիվանդանոցային դեղատունը, որը 2013թ-ին, համագործակցության 25-ամյակի կապակցությամբ, անվանակոչվել է ի պատիվ բարերարի` Աիդա Մաթոսյանի:

Մենք կորցրեցինք մեր հայրենակցին, գործընկերոջը և լավ բարեկամին: Հարգում ենք նրա վառ հիշատակը: Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի բարեկամ, մեր սիրելի Աիդա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: