«Ես դժվար արտասվողներից եմ, բայց այս անգամ զսպելն անհնար էր․․․»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը հուզիչ ու անձնական պատմություն է պատմել․ «Ասելիքս փոքր-ինչ անձնական բան է, չգիտեմ` որքանո՞վ է ճիշտ պատմելը: Այնուամենայնիվ ասեմ: Շաբաթ օրը գերեզմաններ գնացինք` մորս շիրմին այցի: Խունկ էինք ծխում, և մեկ էլ հանկարծ հայտնվեց մեր փողոցի փոքրիկ Մելսիկը՝ մոր հետ: Երեխան մորս ընկերն էր: Մայրս 83տարեկան էր, Մելսիկը` 7: Գալիս էր մեր բակ, ժամերով զրուցում էր մորս հետ, հաց էր ուտում, խաղում էր ծառերի տակ։ Հիմա իր ավագ ընկերն էլ չկա:

«Առավոտն արթնացել է ու անընդհատ հարցնում` բա ե՞րբ ենք գնալու մեծ տատիկի մոտ»,- պատմում է նրա մայրը ու պատմելու հետ սրբում է արտասուքը:

Երեխան մոտեցավ, խունկ լցրեց: Երկու ընկեր լուռ հանդիպեցին: Ես դժվար արտասվողներից եմ: Բայց այս անգամ զսպելն անհնար էր: Մենք` ավագներս, ինչքաաան բան ունենք սովորելու փոքրերից:

Էդ պուճուրի ունեցած հավատարմության ու սիրո մի պտղունցի չափը լիներ` մեր աշխարհն ուրիշ կդառնար: Շատ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: