«Աշխարհում ամեն բան կարող է դառնալ սիրելի, եթե դուք սիրեք նաև այն, ինչ ձերը չէ»․ Հովիկ Չարխչյան

Հայ գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանը հուզիչ անդրադարձ է կատարել․ «Կան բաներ, որոնք մենք սիրում ենք, քանզի դրանք սիրում են կամ սիրել են մեր սիրելիները: Օրինակ, ֆիլմեր կան, որոնք դիտելիս ես հիշում եմ հորս. նրա ծիծաղը սրամիտ հատվածների ժամանակ, ժպտուն աչքերը, ձեռքի թեթև շարժումները, և այդ ֆիլմերը, որ գուցե թե մեկ այլ դեպքում ինձ առանձնապես չհիացնեին, դառնում են լավագույններից լավագույնը:

Կամ, օրինակ, Իվան Կրամսկոյի հայտնի կտավն պիտի միշտ հիշեցնի մորս, նրա հայացքը, որով նայում էր դիմանկարին, այնտեղ թաքնված խորհրդավոր քնքշությունն ասես կենդանություն էր առնում: Ամեն անգամ այն տեսնելիս պիտի պարուրվեմ նրա ջերմությամբ և աշխարհում ստեղծված շատ ու շատ կտավներ իմ ներսում պիտի մրցեն նրա հետ, սակայն այս անգամ ոչ վարպետությամբ ու տաղանդով, այլ հարազատությամբ:

Նաև երգեր կան, որոնք դառնում են մեր ար յան բաղադրությունը, թեև ամենալավը չեն երգերի մեջ, եզակի են հիշողությամբ և մարդկանց ներկայությամբ, ում հետ ինչ-որ հեռավոր մի օր, ինչ-որ մի վայրում դրանք հնչել են և պահը դարձրել են հեքիաթային, բացառիկ: Հետո երգը ապրել է, հնչյունների մեջ պահել է դիմագիծն այն մարդկանց, ովքեր սիրելի են քեզ համար: Այդ մարդիկ դարձել են երգ` հնչեղ, կենդանի, հուզիչ ու անբաժան:

Աշխարհում ամեն բան կարող է դառնալ սիրելի, եթե դուք սիրեք նաև այն, ինչ ձերը չէ, բայց նրանցն է եղել, ովքեր գիտեին սիրելու այդ գաղտնիքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: