Անասելի հուզիչ հրապարակում. «Հունվարի 22-ից դեռ մի քանի օր առաջ ես կպատրաստվեի քո գալուն. կգնայի խանութներ»

Աննա Մկրտչյանը գրում է.«Հունվարի 22-ից դեռ մի քանի օր առաջ ես կպատրաստվեի քո գալուն։ Կգնայի խանութներ՝ քեզ համար նվերներ ընտրելու։ Փուչիկներ՝ կանաչ ու կապույտ, ու տորթ էլ կընտրեի «բարի վերադարձ» գրությամբ։ 22-ի գիշերը երևի այդպես էլ չքնեմ, չեմ կարողանա՝ մտովի ամբողջ գիշեր պատկերացնելով վերադարձդ:

Երկու տարի առաջ օրացույցում նշեցի 2021թ․-ի հունվարի 22-ը, որպես «ամենասպասված օր»: Անվերջ թվացող տարիներից մնացին ժամեր ու դրանք էլ կանցնեն։ Լույսը կբացվի, նորից կզանգես ու բարի լույս կասես։ Սակայն այս անգամ մի տարբերությամբ նախորդող բոլոր օրերից, վերջինը՝ այսքան հեռվից միմյանք բարի լույս կասենք։

Մի քիչ հետո կլինեմ ձեր տանը, դե վաղուց էր չէ՞ որոշված, որ պիտի գնամ ձեր տանը քեզ սպասեմ՝ սպասենք։ Ժամանակը կգա և քո լավագույն ընկերը ինչպես դու միշտ էիր ասում՝ պապան, ճանապարհ կընկնի դեպի Մարտակերտ։ Մի քանի ժամից դուք կհանդիպեք:

Ի՜նչ երջանիկ կլինեք, կշտապեք տուն մեզ էլ երջանկացնելու։ Ճանապարհին երևի 30-ից ավել անգամներ կզանգես, շա՜տ անհամբեր ես։ Իսկ մենք սրտատրոփ կսպասենք ու մամայի հետ քո սիրելի ուտելիքները կպատրաստենք «ամենահամով բաներն էլ ուտեմ բանակում, մամայի պատրաստածն եմ կարոտում» կգաս մի լա՜վ կուտես։

Որոշել էիր ծաղիկներ գնել՝ մամային, Անիին, Շուշանին, ինձ։ Երեկոյան երևի ժամը 7-8-ի կողմերն էլ կհասնեք։ Մենք քեզ հերթով ամուր կգրկենք ու կասենք բարի վերադարձ: Մի քանի ժամից մենք քեզ չենք դիմավորի շատերի նման երջանկությամբ ու ցնծությամբ, մի քիչ էլ արցունքներով:

Դու մյուսների նման զոհասեղանին դրեցիր ՔՈ ԿՅԱՆՔԸ՝ վաստակելով ներկա ու ապագա սերունդների ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։ Վստահ եմ, ՔԵԶԱՆԻՑ ՈՒ ՔԵԶ ՆՄԱՆ քաջերից կազմված Հայոց բանակը դեռ շատ մեծ հաղթանակներ է տոնելու։

Պшտերազմ հնարողներն ու պшտերազմ սկսողները չգիտեն, որ նրանց թանկարժեք ու հզոր տեխնիկաները դիպչելով մարդու սրտին, նրան չեն հեռացնում իր հարազատ մարդկանցից։ Փոխարենն իրար կապում հարատև կապով: Դու միշտ կլինես իմ կյանքի ամենապայծառ լույսը, որը երբեք չի մարելու։ ԵՍ ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ԻՄ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: