«Ուզում եմ, որ այս ֆոտոյի հերոսը վաղվա պատմության գրքերի էջերից պատմի այսօրվա մասին»․ Վահան Ստեփանյան

Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը հուզառատ գրառում է կատարել․ «Ի՞նչ է լուսանկարը։ Կասեք՝ այն արտացոլում է պատմական եղելության մասին նկարողի կարծիքը։ Այո։ Կասեք՝ այն երկրաչափական պատկեր է, որն ի զորու է հույզեր ծնել։ Այո։ Կասեք՝ այդ կարծիքը բազմապատկում են դիտողներն՝ իրենց կարծիքներով։ Ու առանց դիտողների կարծիքների շարանի իմաստ չունի նկարողի կարծիքը։ Այո։ Նաև կասեք, որ երկրաչափական այդ սովորական պատկերը՝ լուսանկարի վերածվելիս, նկարողի մտահորիզոնի ու դիտողի երևակայության շնորհիվ կոտրում է բարու և չարի, գեղեցիկի ու տգեղի, լավի ու վատի մասին երկչափ ու եռաչափ պատկերացումների սահմանները: Այո, այո, այո․ ճիշտ եք։ Ամերիկացի գրող Սյուզեն Զոնթագը հավատում էր, որ ամեն ինչ գոյություն ունի, որպեսզի ավարտվի լուսանկարով: Եղելության իմաստն, ասում էր, լուսանկարի վերածվելն է։ Թերևս։
Մարդը վերջին հազարամյակների ընթացքում փորձել է որևէ կերպ ամրագրել իր գոյությունը երկրագնդի վրա:

Քարապատկերներով, փորագրություններով, բարձրաքանդակներով, գեղանկարներով, սելֆիներով: Ես էլ եմ նույնն անում։ Բայց անընդհատ մտածում եմ, թե որն է լինելու այս ամենի գոյության մասին ի՛մ կարծիքի ամրագրումը։ Ո՞րն է լինելու այն ֆոտոն, որը հետս վերցնելու եմ այս օրերից: Տարբերակները շատ են:
Հիվանդանոցի պալատում վի րավոր մանկան ձեռքը բռնած հայրը, որ առաջին օրերին նկարել էր Արեգը։ Հր թիռա կոծ ումից հետո Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի խոռոչը՝ հուսահատեցնող լուսավորությամբ։ Նկուղում Արամի արած ֆոտոն, որտեղ բոլորը մի մարդու պես վի րակապում են տուժածին։ Որպես կամավոր առաջնագիծ մեկնող աղջիկների հերթերը, որոնք գնացի նկարելու, բայց այդպես էլ չնկարեցի․ մի ֆոտոյի չխկոցով հանկարծ չկոտրե՞մ այդ փխրունությունը։ Կարոյենց բերած բե կորը, որը քիչ էր մնացել իրենց տաներ էն աշխարհ, և որը նկարելու փոխարեն ման եմ տալիս՝ գրպանս դրած:

Թե՞ այդ ամենը մի կողմ թողնեմ ու հետս վերցնեմ Մատենադարանի որևէ կադր, թեև այդ դեպքում էլ մարդկանց համախմբման ծավալը մի ֆոտոյով ցույց տալ չի լինի: Կամ էս օրերին Թումոյի այգում երիտասարդների ֆրիսբիի պարապմունքից մի կադր վերցնեմ՝ հետևի պատին art is not a crime գրությամբ: Այսպես գլխումս անվերջ պտտվում են նկարած ու չնկարած կադրեր, ու մեկ էլ հասկանում ես, որ այդ բոլոր ֆոտոները ինչ-որ մեծ բանի մաս են։ Ու մեկն առանց մյուսի դժվար թե գոյատևի: Բայց մի ֆոտո կա, որը ես չեմ նկարել, ոչ էլ ճանաչում եմ ֆոտոյի հերոսին։ Այս ծանր օրերը, համոզված եմ, միշտ հիշելու եմ այդ ֆոտոյով: Այդ հերոսի դեմքի արտահայտությամբ։ Այդ երիտասարդի մասին մտածմունքով։ Հաստատ։

Այսօր արվող ֆոտոները վաղը պատմելու են երեկվա մասին: Ես ուզում եմ, որ այս ֆոտոյի հերոսը վաղվա պատմության գրքերի էջերից պատմի այսօրվա մասին։ Ու պատմի հենց այսպես՝ իր ծուռ սաղավարտով ու կիսատ ժպիտով, իր մրոտ դեմքով ու միամիտ հայացքով, որը նայողին դուրս է նետում երկրաչափական պատկերի սահմաններից ու կոտրում է բարու և չարի, գեղեցիկի ու տգեղի, լավի ու վատի մասին երկչափ ու եռաչափ պատկերացումների բոլոր սահմանները»։

Понравилась статья? Поделиться с друзьями: