Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, կորոնավիրուսյան արհավիրքի ֆոնին, թույլատրել է պաշտոնապես ամուսնանալ տեսակապով։
«Թույլատրում եմ Նյու Յորքի բնակիչներին ամուսնության վկայական ստանալ հեռահար կերպով, ինչպես նաև տեսակապով անցկացնել ամուսնության արարողություն։
Երբ խոսքը գնում է ամուսնության մասին, չի կարող որևէ հարց լինել՝ այո կամ ոչ։ Այժմ կարող եք անել դա հավելվածի միջոցով՝ Zoom-ով»,- նշել է նա։
Ինչպես նշվում է նահանգապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ մինչ այս ամուսնության արարողությունը հեռահար անցկացնելն արգելված էր օրենքով․ պահանջվում էր հարսի ու փեսայի ներկայությունը։
Շատ գործակալություններ ժամանակավորապես փակվել են՝ կորոնավիրուսյան ախտի տարածման պատճճառով, ինչը թույլ չէր տալիս Նյու Յորքի բնակիչներին ստանալ ամուսնության վկայականներ։ Նահանգապետի նոր որոշմամբ այդ օրենքը ժամանակավորապես կկասեցվի։
Իրապես զավեշտալի է տեսակապով ամուսնությունը, բայց ԱՄՆ-ում այնքան է տարածվել կորոնավիրուսյան ախտը, որ գտնվում են նորանոր միջոցներ՝ կյանքի ընթացքը շարունակելու։