Երեկ լրատվամիջոցները լուր էին տարածել 15 տարեկան երեխայի մասին: Ըստ տարածված տեղեկատվության՝ երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և նա հոսպիտալացվել է:
Տեղեկատվության հրապարակմանը հաջորդեց պաշտոնական տեղեկատվությունը: Առողջապահության նախարարությունից պաշտոնապես ժխտեցին այն հանգամանքը, թե այդպիսի բան կա: Նրանք սոցցանցային հայտարարությամբ տեղեկացրին, որ հանրապետությունում 15 տարեկան երեխա չկա, որի մոտ հայտնաբերված լինի հայտնի վիրուսը:
Նախարարության խոսնակի այս սոցցանցային հրապարակումը, որը ժխտում էր երեխայի վարակված լինելու հանգամանքը, մեծ ուշադրության արժանացավ շատերի կողմից: Դրան արձագանքել էին հատկապես լրագրողները՝ նշելով, որ կեղծ տեղեկատվության պատճառը նրանց անպատեհ լռությունն է եղել:
Նրանք փորձել են ճշտել լուրի իսկությունը, բայց քանի որ պատասխան չեն ստացել, հրապարակել են տեղեկություններն առանց ճշտելու: Նախարարության մամլո քարտութղար Ալինա Նիկողոսյանն, ի պատասխան այս նկատառումների, կրկին հորդորել է շտապողականություն չցուցաբերել, լրատվություն մատուցելուց առաջ սպասել պաշտոնական տեղեկատվության, որպեսզի չսրվի առանց այն էլ լարված ու խուճապային իրավիճակը: