Մահացել է Ռուբեն Շուգարյանը

Հերթական մահաբեր բոթը․ կյանքից անժամանակ հեռացել է պետ- և քաղգործիչ, դիվանագետ ու գիտնական Ռուբեն Շուգարյանը: Նախորդ շաբաթ մեծանուն հայորդին կաթված էր ստացել Բոսթոնում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Նրա ավանդը մեծ է հայաստանյան դիվանագիտական գործունեության մեջ։ 1991-ից սկսած նա մեծ դեր է ունեցել մեր երկրի արտաքին կյանքի մեջ։ 1993-ից 1996 թվականներին եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ապա՝ մինչև 2005 թվականը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ, 2005-ից 2008-ն Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի ՀՀ դեսպանն է եղել՝ հանգրվանելով Հռոմում։

2008-ից իր հսկայական փորձն էր փոխանցում մատաղ սերնդին՝ հրավիրվելով դասավանդել Թաֆտսի համալսարանում՝ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

Իրապես, Շուգարյանի մահը մեծագույն կորուստ է հայ ժողովրդի համար։ Անկախ իր հանդեպ հետապնդումներից, նա միշտ բարձր է պահել հայոց պատիվն ու գերակա համարել մեր երկրի շահերը։ Իր շնորհիվ մեծագույն առաջընթաց է եղել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ հարցերում։ Նրա մահվան բոթն առավոտյան էր տարածվել, ապա հերքվել․ հույս կար, որ սուտ է, բայց, ավաղ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: