Ձախ Հարութն անկեղծ խոստովանություն է արել

Հայտնի երգիչ Ձախ Հարութը սիրված է մի քանի սերունդների կողմից։ Ապրելով ԱՄՆ-ում՝ նա հայտնի է ողջ հայությանը, նրա համերգներին դահլիճները միշտ լեփ-լեցուն են։ Հանրայինի «Կեսգիշերն անց» հաղորդման հյուրը Հարութ Փամբուկչյանն էր։ Նա անկեղծ պատմեց՝ ինչու և ինչպես է ժամանակին հեռացել հայրենիքից։

«Երևանում երգի ասպարեզում շատ ակնկալիքներ ունեի, ընդունվեցի ռադիո՝ որպես մենակատար։ Հասկացա՝ դռները բաց չեն։ Որոշեցինք մորս հետ գնալ մորաքույրերիս մոտ՝ Լիբանան։ Հեշտ չէր, բայց քանզի հարազատներ ունեինք դրսում, կարողացանք գնալ։ Ոչ մի քաղաքական բան չի եղել։ Ինձ ոչ ոք չի վտարել Հայաստանից։

Լիբանանում սկսեցի երգել, համերգների մասնակցել։ Առաջին անգամ երգեցի Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էր Աստված» երգը։ Ինձ գժի տեղ դրեցին, որ Աստծո հետ եմ խոսում։ Մի 3-4 ամսից հասկացան՝ ինչի մասին է երգն, ու Լիբանանն ինձ համար դարձավ անկյունաքար երգի ասպարեզում։

Մի տարի Լիբանանում ապրելուց հետո տեղափոխվեցինք ԱՄՆ։ 1976-ին այնտեղ դեռ հայաստանյան հայեր չկային, ու ինձ հայաստանցի էին անվանում։ Հետո արդեն սկսվեց մարդկանց հոսքը Հայաստանից։ Լոս Անջելես մտած երկրորդ շաբաթից սկսել եմ աշխատել ու ոչ մի օր չեմ բողոքել իմ աշխատանքից։ Երգում էի և՛ ամերիկացիների, և՛գաղթած հայերի համար։ Հարսանիքներին էի երգում 200 դոլարի դիմաց, այն դեպքում, երբ տան վարձակալության գումարը 20-30 դոլար էր»։

Իր սրտի ուղեկիցը սերն էր՝ կինը․ «Երբ մեկնեցի, ընկերուհիս՝ Ռուզանը, Երևանում էր մնացել։ Գնալուց առաջ զագսավորվել էինք, հետո ԱՄՆ-ից թղթեր ուղարկեցի, եկավ ինձ մոտ, ամուսանցանք ու որդի ունեցանք, ապրեցինք միասին 30 տարի, հետո կորցրեցի նրան․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: