Արտակարգ դրության այս դառն իրականության պայմաններում կա նաև դրական նորություն․ կտրուկ մաքրվել է երևանյան օդը։ IQAir հետազոտական ընկերության տվյալներով՝ օդը «լավն է»՝ 38 միավորով՝ նախկինում առկա 100-150 ցուցիչի համեմատությամբ, որն ամենաաղտոտվածն էր համարվում։ Նման ցուցանիշ ունեին մեծ բնակչություն ունեցող երկրները՝ Չինաստանը, Բանգլադեշը, Ճապոնիան և այլն։
Փորձագետները համարում են՝ կորոնավիրուսյան ախտից պաշտպանվելու համար կիրառվող ինքնամեկուսացումը մաքրվող օդի միջոցով ավելի շատ կյանքեր կփրկի, քան կորոնավիրուսը կտանի։ Այս տարվա մարտի դրությամբ երևանյան օդի աղտոտվածությունը 25-ից 50-ի միջակայքում է տատանվել, ինչը փաստում է կտրուկ բարելավումը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ օդից գրեթե վերացել է ծծմբի օքսիդը, ազոտը և այլ քիմիական միացությունները։ Սա մեծապես կախված է ավտոմեքենաների սակավության հետ։ Նվազել է նաև օդում փոշու մակարդակը․ այն շատ չնչին է։
Ինչևէ, մոլորակն իր օրենքներով է շարժվում ու կարծես ինքնավերականգնվում է։ Փաստորեն կորոնավիրուսյան արհավիրքը նաև դրական կողմ ունի։