ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևոր տեղեկություն է հայտնել առաջին դասարան գնալ պատրաստվող երեխաների ծնողների համար։
Նա նշել է՝ ընդունելությունը կկազմակերպվի հունիսի առաջին տասնօրյակում՝ ամբողջությամբ օնլայն եղանակով։ Անցած տարի այդ փորձը կիրառվել էր միայն Երևանում, իսկ այժմ այն կկիրառվի ողջ երկրում։
Օրենքն արդեն փոփոխությունների ենթարկվել, ուշադրություն է դարձվել քույր-եղբայր ունեցողների վրա, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։ Այն հիմա վերջին փուլում է ու վերջնական կներկայացվի ապրիլի 2-ին։
Նախարարի երեկվա ուղիղ միացումից հետո հարցեր էին ծագել՝ ինչու հաշվի չեն առնվել հեռահար կրթության ընթացքում նշանակված գնահատականները։ Անդրեասյանը պատասխանել է՝ դա արվել է հավասարությունը պահպանելու համար, քանզի, թեև հեռավար կրթությունը հաջողված է, այնուամենայնիվ աշակերտների 15-20 տոկոսը, սարքավորումներ չունենալու պատճառով, չի կարողացել մասնակցել դասերին ու նրանց հանդեպ անարդար կլինի հաշվի առնել այդ ընթացքում մյուս աշակերտների ստացած գնահատականները։