Այս օրերին գրեթե բոլորն իրենց դասերը կազմակերպում են օնլայն տիրույթում՝ այդկերպ հետ չմնալով ուսումնական ծրագրից։ Հիմնականում տեսազանգն իրականացվում է Zoom ծրագրի օգնությամբ։ Սակայն շատ անգամ տեսակապի ընթացքում հայտնվում են լուսանկարներ, տեսանյութեր, որոնք կապ չունեն դասի հետ։
Դրանք հաքերային ներխուժումներն են, որոնցից պետք է պաշտպանվել։ Այդ գործում կօգնեն ՏՏ անվտանգության հայտնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները՝ աշակերտներին և ուսուցիչներին։ Ուսուցիչներին դասերի հղումներն անհրաժեշտ է տեղադրել փակ խմբերում՝ հասանելի միայն դասի մասնակիցներին։
Գաղտնաբառը նույնպես պետք է հասանելի լինի միայն այդ դասի մասնակիցներին, այլ ոչ թե ամբողջ դպրոցին կամ համալսարանին։ Հավելվածում ակտիվացրեք «Enable waiting room» կոճակը և այդկերպ կկարողանաք հետևել դասերի մուտքերին։
Աշակերտները պետք է ստացած գաղտնաբառերը կողմնակի անձանց չփոխանցեն, չտեղադրեն դրանք էջերում ու խմբերում, քանզի այն միմիայն ձեզ համար է նախատեսված ու միայն դուք պետք է օգտագործեք։