Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թոռը՝ նրա դստեր՝ Լեյլա Ալիևայի և երգիչ Էմին Ագալարովի տասնմեկամյա որդին՝ Ալին, լրջորեն հետաքրքրված է երգարվեստով։ Տղան որոշել է իրեն ռեփին նվիրել՝ ձայնագրելով իր առաջին երգը՝ A. Li կեղծանվամբ։ Այս մասին հայտնել է հայրիկը՝ նշելով, որ շուտով տեղի կունենա պրեմիերան։
Էմինը նաև ձայնագրման ստուդիայից լուսանկարներ է հրապարակել, ինչից երկրպագուները ենթադրել են՝ նա էլ է մասնակցություն ունեցել որդու թրեքին։
Ի դեպ, Ալին նաև լրագրությամբ է տարված։ Նա հարցազրույցներ է վերցրել հայտնիներից՝ «Ժարա» փառատոնի ընթացքում։ Տղան նաև յութուբյան ալիք ունի՝ վիդեոխաղերի մասին։
Հիշեցնենք՝ Էմինն ու Լեյլան ամուսնացած են եղել տասը տարի։ Նրանք երկու որդի ունեն՝ Ալին և Միկան։ Էմինից բաժանվելուց հետո Լեյլան աղջիկ է որդեգրել, որին անվանել է Ամինա։
Էմինը, սակայն, մասնակցում է աղջկա դաստիարակությանը, ինչպես և որդիների։ Էմինը ևս մեկ դուստր ունի՝ Աֆինային, երկրորդ կնոջ՝ Ալյոնա Գավրիլովայի հետ հարաբերություններից։