Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Սիվիլնեթի ուղիղ եթերի շրջանակներում, խոսել է կորոնավիրուսյան ախտի՝ վերջին օրերի զարգացումներից։ Նրա խոսքով՝ թվերի աճը բազմաթիվ գործոններից է կախված՝ սկսած սահմանափակումբերի վերացումից մինչև նոր օջախների հայտնաբերում։
Հասկանալով՝ թվերն աճելու են, չթուլացնել հնարավոր չէ, քանզի երկիրը պետք է բնականոն կյանքով ապրի։ Այն ընթացքը, երբ սահմանափակումներ են եղել, օգտագործվել է առողջապահական համակարգը լավագույնս նախապատրաստելու համար։ Պետք է առանց սահմանափակումների հանրությունը սովորի ապրել ախտի հետ՝ պահպանելով ցուցված կանոնները։ Հիմա երկրագնդի վրա չկա մի վայր, որտեղ կարելի է ապրել այնպես, ինչպես կորոնավիրուսից առաջ։
«Երաշխիք չունեմ, որ ամռանն անկում կլինի։ Մենք միշտ վատագույն սցենարին ենք նախապատրաստվում։ Պետք է իրավիճակը վերահսկելի պահենք՝ աշնանն ու ձմռանն աճող թվերի անխուսափելի աճին պատրաստ լինելու համար»,- նշել է Թորոսյանը։
Անդրադառնալով մարդկանց, ովքեր մերժում են կորոնավիրուսյան ախտի գոյությունը՝ նախարարը նշել է՝ երկու պատճառ կա․ կրթության մակարդակի բացակայությունը և այդ միտքը՝ արհեստականորեն սերմանվող տարբեր խմբերի կողմից։
Նոր կանոններին հետևելը մարդու մոտ վերածրագրավորում է պահանջում, քանզի բոլորն էլ մինչ այս երբեք չեն մտածել նմանատիպ կանոնների մասին։ Պետք է մարդկանց մեջ վերասերմանվեն նոր կանոնները։ Անգամ կորոնավիրուսյան ախտից հետո է պետք պահպանել այդ կանոնները, որոնք օգնում են վիրուսային ախտերի տարածման կանխմանը։