«Եթե ես հաղթահարեցի, դուք էլ կկարողանաք»․ 90-ամյա կինը հրաշքով ապաքինվել է կորոնավիրուսից․ Associated Press

Նյու Յորքի տարեց բնակչուհին, բուժվելով կորոնավիրուսյան վարակից, կիսվել է ապաքինվելու իր գաղտնիքով, գրում է Associated Press։ 90-ամյա Աննա Ֆորտունատոն նկատել է հիվանդության առաջին ախտանիշները մարտի 13-ին, բայց ուշադրություն չի դարձրել դրան։

«Կոկորդս ցավում էր, բայց սովորական մրսածություն էր։ Ամեն ինչ կարգին կլինի»,- ասել նա դստերը՝ հեռախոսով։

Մի քանի օրից նրա ինքնազգացողությունը վատթարացել է, և նա ստիպված շտապօգնություն է կանչել։

Հիվանդանոցում Ֆորտունատոյի մոտ կորոնավիրուսյան վարակ է հայտնաբերվել։ Ի սկզբանե կանխատեսումները բարենպաստ չէին՝ տարիքի պատճառով։ Բացի այդ, կինը ասթմայով է տառապում, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում կորոնավիրուսյան ախտն ավելի վտանգավոր է։

Ֆորտունատոն հիվանդանոցում անցկացրել է երկու շաբաթ։ Նրան բուժում էին հակամալարիային դեղամիջոցով՝ հիդրոքսիքլորոխինով, որի արդյունավետությունը, սակայն, չի ապացուցվել։ 13 օրից կինն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Նա պնդում է՝ հիվանդանոցում նրա առողջացումը հրաշք են համարել։

«Պայքարեք, մի կորցրեք լավատեսությունը և աղոթեք։ Վեր կացեք մահճակալից, մի պառկեք ամբողջ օրը։ Նաև ուզում եմ ասել բոլորին՝ «Եթե ես հաղթահարեցի, դուք էլ կկարողանաք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: