Ծովային հնագիտական հիմնադրամի ուսումնասիրողները (Maritime Archaeological Trust) բրիտանական Ուայթ կղզու առափնյա շրջանում օբյեկտ են հայտնաբերել։ Պարզվել է՝ այն գիտության հայտնի ամենահին նավաշինարանն է։
Հաղորդագրությունում ասվում է, որ ստորջրյա հնագետները ձեռակերտ փայտե հարթակի մնացորդներ են հայտնաբերել։ Այն շուրջ 8000 տարեկան է եղել։
Նշվում է, որ այն կարող էին կառուցել քարե դարի մարդիկ։ Մինչ այժմ համարվում էր, որ աշխարհի հնագույն նավաշինարանը շուրջ 5500 տարեկան։
«Այստեղ փայտի մշակման առաջնային տեխնոլոգիաներ են կիրառվել։ Այդ օբյեկտն ընդգծում է ծովային հնագիտության կարևոր նշանակությունը՝ մեր քաղաքակրթությունն ըմբռնելու համար»,-ասել է Ծովային հնագիտական հիմնադրամի ղեկավար Հարի Մոմբերը։
Գիտնականները նաև համարում են, որ այն պահին, երբ տվյալ գտածոն ակտիվորեն օգտագործվել է նավաշինության համար, Ուայթ կղզին Եվրոպա մայրցամաքի մասն է կազմել։