Ավելացել է հաստատված դեպքերի թիվը, կա մահվան դեպք․ թարմացում

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ կա հաստատված 44 նոր դեպք, մեկ մարդ մահացել է։ Այս պահին հաստատված դեպքերի թիվը 1111 է, առողջացել է 32 մարդ՝ ընդհանուր առմամբ 297 մարդ։

Նաև բոթ է տարածվել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահ է արձանագրվել։ 66-ամյա տղամարդը, բացի կորոնավիրուսյան ախտից, թոքաբորբ ուներ, նաև՝ քրոնիկ սրտի իշեմիկ հիվանդություն։ Նրա մոտ վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա էր առաջացել, բժիշկներն անդամահատել էին նրա ստորին վերջույթները,բայց կյանքը փրկել չի հաջողվել։

Կրկին և կրկին անհրաժեշտ է գիտակցել՝ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է պահպանել ինքնամեկուսացման կանոնները, ինչի շնորհիվ կփրկվեն առողջություններ և կյանքեր։

Սա անչափ կարևոր է հատկապես ռիսկային խմբերի պարագայում՝ տարեցների ու քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց։ Նրանց իմունային համակարգն ավելի թույլ է և չի կարող հզոր պայքար մղել հիվանդության դեմ, համեմատությամբ մյուսների, ովքեր կհաղթահարեն վարակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: