Գործունեության բնույթով պայմանավորված՝ գյումրեցի Հրաչն ապրում էր Արցախում: Քսանհինգ տարեկանում նրան արդեն շնորվել էր ավագ լեյտենանտի կոչում և զբաղվում էր զինվորական գործունեությամբ: Հրաչը, զինծառայության մեջ գտնվելով Թալիշում, հենց այնտեղ էլ ամուսնանում է տեղացի Անուշի հետ: Անուշն ընդամենը տասնութ տարեկան էր:
Ապրիլյան քառօրյայի օրերին Անուշն արդենիսկ սպասում էր իրենց առաջնեկին, սակայն աղջիկը ծնվում է հոր մահից հետո:
Մարտական գործողությունների հենց սկզբից Հրաչը առաջին հերթին գյուղից հեռացնում է երիտասարդ հղի կնոջը: Անուշին ապահով վայր ճանապարհելուց հետո Հրաչը վերադառնում է մարտական դիրքեր ու հասնում առաջնագիծ:
Հրաչն իր մարտական առաջադրանքը հերոսաբար իրականացնելիս է մահացել, իսկ ծնողներին ավելի ուշ են հայտնել նրա մահվան լուրը, սկզբում ասել են, թե անհետ կորածների շարքերում է: Ծնողները իրենց զավակին տեսնելու հույսը երկար ժամանակ չէին կորցնում:
Հրաչի հայրը՝ Վարդանը, որ Գյումրու երկրաշարժի փլատակների տակ էր թողել կնոջն ու երեխաներին, հետո դարձյալ ընտանիք էր կազմել, իսկ զավակին կոչել մահացած որդու անունով, սակայն ճակատագրի բերումով այս Հրաչին էլ է կորցնում: