Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ չորսամյա փոքրիկ աղջնակը՝ Անգելինան, պայքարում է սրտի հիվանդության դեմ: Նրան անհապաղ վիրահատություն էր հարկավոր, ինչը հնարավոր եղավ իրականացնել հանրային աջակցության և առողջապահության նախարարի պետական ֆինանսավորման շնորհիվ:
Նախարարը նախապես տեղեկացրել էր, որ նման տիպի վիրահատություն Հայաստանում դեռևս չի իրականացվել: Առաջին անգամ նմանատիպ վիրահատություն անցկացնելու մեծ պատասխանատվությունն իրենց վրա վերցրել էին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկները:
Առավոտյան սոցհարթակում Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վիրահատությունն արդեն կայացել է: Այն ընթացել է ողջ գիշեր ու բարեհաջող ելք է ունեցել: Ա. Թորոսյանը գրառման մեծ վիրահատության հաջող ելքի, բարենպաստ արդյունքի մեծ կարևորել է սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի դերը:
Ա. Թորոսյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր ու վեհ գործում իրենց լուման ներդրած անձանց և արձանագրել հայ բժշկության առաջընթացի դրական միտումները՝ Անգելինային առողջություն մաղթելով: