Այսօր խորհրդային անվանի ֆուտբոլիստ ու մարզիչ, սպորտային լեգենդ Արկադի Անդրեասյանի ծննդյան յոթանասուներեքամյակն է։ Տաղանդաշատ մարզիկը ծնվել է 1947-ի օգոստոսի տասնմեկին՝ Բաքվում, որտեղ էլ «Նեֆտյաննիկի» սանը լինելով, առաջին հաջողությունների է հասել։
1965-ին սկսել է հանդես գալ «Շիրակում», այնուհետև մեկ տարի անց տեղափոխվել «Արարատ», որտեղ նրա խաղը չի ստացվել։ Հաջորդ իսկ մրցաշրջանը տաղանդաշատ երիտասարդը «Սևանի» կազմում է անցկացրել։ Եվ այդ դեգերումներից հետո, վերջապես, համալրել է երևանյան «Արարատի» կազմը, որի հետ էլ կյանքի կարևորագույն հաջողություններին է հասել։
Նա հռչակվել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, դարձել ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Շնորհիվ նրա հրաշալի տեխնիկայի և ճկուն մտքի՝ նա լավագույնն էր համարվում խաղադաշտում, իսկ հրաշալի դրիբլինգը, դիպուկ հարվածներն ու ոսկերչական փոխանցումները նրան անհաղթելի էին դարձնում մրցակիցների համար։
Հավատարիմ լինելով իր սիրելի ակումբին՝ նա մինչ օրս «Արարատում» է՝ որպես փոխնախագահ և գլխավոր մարզիչ։