Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 24 տարեկան։ Անդրանիկն Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի հետ է նահատակվել՝ Մարտակերտում։ Անդրանիկը ծնվել է 1996-ի մայիսյան տոնական օրը՝ Վեդիում։ Մանկուց բալիկը բազմակողմանի զարգացած է եղել, քրոջ մշտական պաշտպանը։
Շարքային Անդրանիկը բանակ էր զորակոչվել ուսումնառության տարիներին՝ Եվրոպական քոլեջից, որտեղ ուսանուր էր աուդիտ ու հաշվապահություն՝ զուգահեռ հմտանալով խոհարարության ու ֆուրշետի արվեստի մեջ։ Նա նաև սպորտով էր զբաղվում ու հաջողությունների հասնում ֆուտբոլում։ Տղան 8 տարեկանից ընտրել էր կյանքի մասնագիտությունը՝ ֆուտբոլը։
Երևանյան խաղերի ընթացքում մարզիչները շատ էին հավանել տղայի խաղն ու հորը հորդորել Երևան տեղափոխվել՝ տղայի կարիերան կառուցելու, քանզի մեծ պոտենցիալ ունի։ Ընտանիքը չի կարողացել տեղափոխվել, բայց Անդրանիկը տասներեք տարեկանից գալիս էր Երևան՝ մարզվելու ու տուն էր վերադառնում։
2014-ին՝ զորակոչվելուց ամիսներ առաջ, նա երազանքի հրավեր է ստանում՝ «Արարատից»՝ առաջին լիգայում խաղալու։ Հասցնում է մեկուկես ամիս մարզվել, բայց պայմանագիր կնքել չհասցնելով, ֆիզկուլտինստիտուտի ֆուտբոլի բաժին ընդունվելուն պես, զորակոչվում է: Մարզիչն սպասում էր տաղանդին՝ ծառայությունից հետո՝ «Արարատի» կազմը համալրելու, բայց, ավաղ, նա չվերադարձավ․․