Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, մայոր Էդուարդ Ալեքսանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 65 տարեկան։ Այս մեծ մարդը կյանքի բերումով զինվորական է դարձել, անձնվիրաբար ծառայել իր հայրենիքին, մասնակցել արցախյան հերոսամարտին, ապա տղաների կողքին կանգնել ապրիլյան ծանր օրերին։ Իր մարտական փորձը փոխանցելու ու աջակցելու մեկնած հերոսը նահատակվել է մարտի դաշտի ճանապարհին՝ թշնամու գնդակից։
Ալեքսանյանը ծնվել է 1955ի ապրիլի 16ին՝ Սիսիանում։ 1988-1992 թթ-երին մասնակցություն է ունեցել Սիսիանի սահմանային պաշտպանությանը, իսկ 1992ի հոկտեմբերից՝ ծառայության անցել սահմանապահ զորքերում՝ մասնակցելով Լաչինի միջանցքի պաշտպանությանը և Հորադիսի մարտական գործողություններին։ 2006 ին թոշակի է անցել՝ մայորի կոչումով։
Աշխարհազորային հերոսը Սիսիանի կամավորական ջոկատի կազմում ապրիլյան ծանր օրերին մեկնել է առաջնագիծ։ Ապրիլի 4ին Մարտակերտում ջոկատային ավտոբուսը հարձակման է ենթարկվել։
Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Հավերժ փառք մեր անմահ հերոս Էդուարդ Ալեքսանյանին։