Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար երեսունմեկ տարեկան։ Թալիշում զոհված Սասունը ծնվել է 1989ի հունիսի տասին՝ Երևանում՝ սասունցիների ավանդական ընտանիքում։

Ֆիզիկապես ամուր տղան տասը տարեկանից զբաղվել է մուայ թայով՝ մասնակցելով բազում մրցաշարերի։ նա մեդալների ու պատվոգրերի է արժանացել։ Նա հայաստանյան ֆեդերացիայի անդամ էր, աշխատում էր մեկնաբան և մրցավար։ 2009ից 2014 թվականներին սովորելով երևանյան դատական փորձագիտության ինստիտուտում զուգահեռ աշխատել է Վերաքննիչ դատարանում՝ կարգադրիչի պաշտոնում։

Անցնելով պարտադիր զինծառայություն, ապա ծառայելով խաղաղապահ զորքերում, ապա անցել պայմանագրային ծառայության։ 2016-ի ապրիլի մեկին նա հետ է վերադարձել դիրքերից, բայց, իմանալով կատարվածը, ապրիլի երկուսին մեկնել առաջնագիծ։

Թալիշի դիրքերը վերադարձնելու ընթացքում նրա զենքը փչացել է, նա փորձել է վերանորոգել այն՝ ընթացքում դուրս հանելով վիրավոր ընկերներին։ Սասունը որովայնային վնասվածք է ստացել, հասցվել շտապօգնության մեքենային, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Սասունի անունն անմար կմնա բոլորիս սրտերում։ Հերոսաբար նահատակված հայորդին իր անունը ոսկե տառերով է գրել ապրիլյանի սգո գրքում։

Понравилась статья? Поделиться с друзьями: