Աղջիկը մորը լոտոյի տոմս է նվիրել՝ միլիոնատեր դարձնելով նրան

Ավստրալական Քվինսլենդ նահանգի Չարթերս Թաուերս քաղաքի բնակչուհին դուստրից որպես նվեր լոտոյի տոմս է ստացել ու անսպասելիորեն միլիոնատեր դարձել, հայտնում է The Lott-ը։

Աղջիկը մորը Saturday Gold Lotto լոտոյի տոմս է ուղարկել Մոր օրվա նախօրեին, իսկ խաղարկությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ Շուտով դուստրն իմացել է, որ հենց այդ խանութից են վաճառել շահող տոմսը։ Նա անհապաղ զանգարել է մորը՝ հորդորելով ստուգել այն։

«Աղջիկս զանգահարեց ու ասաց անմիջապես ստուգեմ տոմսը։ Ես ասացի՝ հնարավոր չէ հաղթած լինեմ, բայց, ամեն դեպքում, ստուգեցի տոմսը»,- նշել է կինը, որի տոմսը շահել է 1,98 մլն ավստրալական դոլար։

Հաղթողը հույս ունի՝ այդ գումարը կօգնի վերականգնել ընտանեկան փոքրիկ բիզնեսը, որը վնասներ է կրել կորոնավիրուսյան համավարակային իրավիճակի պատճառով։ Նա նաև ցանկանում է արձակուրդի մեկնել՝ բոլոր գործերն անելուց հետո, ու այդ գումարից մի մասն էլ կհատկացնի դրան։

Понравилась статья? Поделиться с друзьями: